Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, ով դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցեց քննարկմանը:
Դեսպան Մակունցն իր բացման խոսքում ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին՝ բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ-ի ներդրման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման գործում: Դեսպանը երախտագիտություն հայտնեց ՄԶԳ կառավարիչ Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և միջազգային զարգացումը՝ ընդգծելով Կառավարչի հանձնառությունը Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցերին։
Կառավարիչ Փաուերն իր ելույթում վերահաստատեց Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ամուր գործընկերությունը՝ ընդգծելով շարունակական համագործակցության կարևորությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը և պարենային անվտանգությունը:
Քննարկումը համակարգում էր դեսպան Մարի Յովանովիչը՝ հեղինակավոր դիվանագետ, ով 2008-2011 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր: Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանի հատվածը:
Հարցուպատասխանի ընթացքում դեսպան Մակունցը նշեց, որ երկկողմ հարաբերությունները խարսխվում են նախևառաջ երկու պետությունների ընդհանուր արժեքների վրա։ Համոզմունք հայտնեց, որ մի շարք հարցերում ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է՝ խաղաղությունը Հարավային Կովկասում։
Դեսպանն անդրադարձավ նաև Սփյուռքի դերակատարմանը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Դեսպան Մակունցը եզրափակեց միջոցառումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Միացյալ Նահանգների հետ իր գործընկերությունն ամրապնդելու հարցում։ Նա լավատեսություն հայտնեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում շարունակական համագործակցության և այդ հարաբերությունները ԱՄՆ ձևավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու վերաբերյալ:
Միջոցառումը, որին մասնակցում էին ԱՄՆ կառավարության, Կոնգրեսի, վերլուծական կենտրոնների, հայ համայնքի ներկայացուցիչները, ավարտվեց ընդունելությամբ։