Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին այցելել է «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Նպատակն էր մարդու իրավունքների կրթության համատեքստում իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ:
Պաշտպանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակին ու աշխատանքների հիմնական ուղղություններին:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։
«Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր: Որպես Մարդու իրավունքների պաշտպան` կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև՝ մարդկանց հետ աշխատանքը։ Պետության պարտականությունն է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն արժեքների վրա»,- ասել է Պաշտպանը:
Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի մի շարք հարցերի:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց պատկերացումները իրավունքի մասին: Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ նրանք նաև հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը:
ՀՈԱԿ-ի տնօրեն Էլմիրա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին հյուրընկալվելու և բովանդակային քննարկում անցկացնելու համար:
Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրիս ջանքերի համատեղումը, սեփական միջավայրում որևէ դրական փոփոխության իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով։