ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերին: Ի թիվս այլնի՝ քննարկվել են Հայաստանում 2026 թ. կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներն ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ համագործակցության հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված քայլերին և միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ փոխգործակցության հարցերի: