ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Նարեկ Բաբայանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերում տեղի է ունեցել կազմի փոփոխություն, և համոզմունք հայտնել, որ նոր անդամներն իրենց գործուն ազդեցությունը կունենան միջխորհրդարանական հետագա կապերի խորացման գործում:
Մեհդի Սոբհանին ևս նշել է, որ փոփոխությունները կխթանեն երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Դեսպանի գնահատմամբ՝ անցնող տարին նշանավորվել է մի շարք կարևոր ծրագրերի իրականացմամբ և առաջընթացով:
Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը: Քննարկվել են առաջիկա փոխայցերին վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերի: