Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջաառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները առևտրի կետերում, ինչպես նաև List.am, Facebook, Tik-Tok և Telegram էլեկտրոնային հարթակներում 2024 թ. ընթացքում ձեռնարկել են 48 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշներով չդրոշմավորված ավելի քան 8,5 հազար տուփ ծխախոտային արտադրանք։ Միջոցառումների արդյունքում, միաժամանակ, պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է շուրջ 1400 շիշ ալկոհոլային խմիչք:
«Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշներով, իսկ մյուսը` վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշների։ Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Հարկային օրենսգրքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջներով խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, հարուցվել են վարչական վարույթներ: Արդյունքում՝ ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքների վաճառքով զբաղվող անձանց առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։
20 դեպքով հսկիչ գնմամբ ձեռք բերված ալկոհոլային խմիչքներն ուղարկվել են համապատասխան փորձաքննությունների: Դրանց եզրակացություններով հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքների մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշներով։ Նկատի ունենալով, որ ալկոհոլային խմիչքներ վաճառող անձանց արարքը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ուստի հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղ Քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Մեկ այլ դեպքով օրերս ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունից հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ թույլատրելի չափաքանակների շրջանակում պարբերաբար կատարված սահմանահատումներով ՀՀ տարածք են ներկվում ալկոհոլային խմիչքներ, դրանք պահեստավորում են Նոյեմբերյանում գտնվող ավտոտնակներից մեկում և նախատեսվում են այդ խմիչքները վերավաճառել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է ավտոտնակի հասցեն, որտեղից էլ հայտնաբերվել է 433 հատ մեկ լիտրանոց ապակյա շշերով «Նեմիրովսկայա» և «Ֆինլանդիա» ապրանքանիշերի օղիներ, որոնց վրա առկա չեն եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշներ:
Պարզվել է, որ նշված օղիները պատկանում են ֆիզիկական անձ Հ․Ս-ին և ձեռք են բերվել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից` Դյութի-ֆրիից, և որ վերջինս արդեն մի քանի ամիս է՝ զբաղվում է այդ եղանակով օղիների տեղափոխմամբ և դրանց իրացմամբ: Վերջինիս նկատմամբ կազմվել է ապօրինի գործունեություն իրականացնելու վերաբերյալ արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ, իսկ օղիները վերցվել են՝ հետագա հետազոտումների նպատակով: Քաղաքացու արարքին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար տարվում են աշխատանքներ»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։