Կառավարությունը հավանություն է տվել ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Նախագծերն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը և կապահովվի հասցեականությունը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի և կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը։
Մասնավորապես, առաջարկվում է հետևյալ կարգավորումը՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվելու է գործող կարգով՝ հաշվարկային ժամանակահատվածում անձի ունեցած եկամուտը 12-ի բաժանելու միջոցով։
Հաշվարկային ժամանակահատվածում եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառվելու է ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։
Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, եթե անձը համատեղությամբ աշխատող կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ է, ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվելու է առանձին՝ յուրաքանչյուր գործատուի համար (կամ որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ) և տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով փոխանցվելու է գործատուներին, իսկ մայրության նպաստի դեպքում, հաշվի առնելով բոլոր գործատուների մոտ ունեցած եկամուտը Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվելու և վճարվելու է մեկ նպաստ։