Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների տակ գտնվող որոշ ընկերություններ և նավեր, որոնք կապված են «Հյուսիսային հոսք- 2» գազատարի կառուցման հետ, ընդգրկվել են մեկ այլ պատժամիջոցների ցանկում:
«Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանում մի շարք կազմակերպությունների նկատմամբ, որոնք ավելի վաղ հայտնվել էին սահմանափակող միջոցների տակ՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության պաշտպանության մասին օրենքի (PEESA) համաձայն «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը մասնակցելու համար»,- ասված է Պետքարտուղարության հայտարարությունում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրի հիման վրա կիրառվող նոր պատժամիջոցների ազդեցությունը վերաբերում է, մասնավորապես, Nord Stream-2 AG-ին և փոխադրումներով զբաղվող ընկերություններին: Պատժամիջոցների են ենթարկվել նաև մի շարք նավեր։
«Հյուսիսային հոսք-2»-ը սկսել են կառուցել 2018 թվականին, սակայն այն այդպես էլ շահագործման չի հանձնվել՝ գերմանական կողմից սերտիֆիկացման հետ կապված խնդիրների պատճառով։
2022 թվականի սեպտեմբերի 26-ին Nord Stream-1 և Nord Stream-2 գազատարներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով դրանք շարքից դուրս են եկել։