Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկել է ԵՄ գագաթնաժողովը, որն առաջինն է եվրոպական կառույցների ղեկավարության փոփոխությունից հետո։ Հրավիրել են նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, քանի որ Ուկրաինային օգնությունն օրակարգային առաջնահերթ խնդիր է։ Բացի դրանից՝ քննարկվելու են Մերձավոր Արևելքին, ԵՄ պաշտպանունակության աճին, միգրացիային վերաբերող հարցերը, ինչպես նաև իրադրությունը Վրաստանում:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նախազգուշացրել է, որ գրեթե երեք տարի տևած պատերազմին վերջ տալու նպատակով Ուկրաինային Ռուսաստանի հետ հապճեպ բանակցությունների մղելը կարող է հանգեցնել Կիևի համար «վատ գործարքի»:
ԵՄ բարձրաստիճան դիվանագետի համոզմամբ՝ «Սիրիան ցույց է տալիս, որ Ռուսաստանը անպարտելի չէ, և մենք չպետք է թերագնահատենք մեր ուժը»:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է ռուսական իր երկրում խաղաղապահ առաքելություն հյուրընկալելու հնարավորությունը։ Այս փուլում խորհրդակցություններ են ընթանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ:
Reuters-ի զրուցակիցների խոսքով՝ Ուկրաինա կարող են ուղարկվել զինվորականներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից և Մեծ Բրիտանիայից։ Միաժամանակ գործակալության աղբյուրները նշել են, որ որոշ եվրոպացի առաջնորդների կարծիքով այժմ այդ հարցը քննարկելու ժամանակը չէ։