Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի հայտարարել են Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյայի՝ նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեին, Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնի ղեկավար Սուլխան Թամազաշվիլուն, Վրաստանի ՆԳՆ հատուկ առաջադրանքների բաժնիտնօրեն Զվիադ Խարազիշվիլուն և նրա տեղակալ Միլերի Լագազաուրիին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու որոշման մասին:
Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վրաստանի իշխանությունները սկսել են ցույցերի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և ընդդիմության համակարգված ճնշումն այն բանից հետո, երբ հասարակությունը դեմ արտահայտվեց «Վրացական երազանքի» որոշմանը՝ դադարեցնել երկրի շարժումը դեպի եվրոպական ապագա»:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմիի խոսքով՝ պատժամիջոցները «ցույց են տալիս, որ իր երկիրն աջակցում է Վրաստանի ժողովրդին և կդիտարկի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բոլոր հնարավորությունները»։
Բրիտանական իշխանությունների հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված Վրաստանի ներկայացուցիչներին «սպառնում է Մեծ Բրիտանիա ուղևորությունների արգելք և ակտիվների սառեցում»: