Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև։ Բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիները, կոչ է արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանությանը նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք խախտում են մարդու իրավունքները։ Խորհրդարանն առաջարկում է նաև կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևն ընդգծում է 2023 թվականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես ուժեղացել են COP29 գագաթնաժողովի շրջանում, և կոչ անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բանաձևը նաև ընդգծում է բանտարկյալների իրավունքների կանոնավոր խախտումը՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների նկատմամբ ոտնձգությունները:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։