Ռուսաստանը չի հրաժարվում Սուդանում Կարմիր ծովի ափին ռազմածովային բազա տեղակայելու փորձերից, սակայն առայժմ չի հաջողվում հասնել այդ նպատակին։ Այդ մասին գրել է The Moscow Times (MT) թերթը։ Սուդանի հետախուզության աշխատակցին հղումով՝ պարբերականը տեղեկացրել է, որ ռազմածովային բազայի կառուցման շուրջ համաձայնության գալու համար Ռուսաստանը տեղական իշխանություններին առաջարկել է ժամանակակից Ս-400 զենիթահրթիռային համակարգ: Սակայն Սուդանը մերժել է առաջարկը՝ ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների բացասական արձագանքից խուսափելու համար։ Սուդանի հետախուզության աշխատակցի խոսքերը հաստատել է նաև ամերիկացի երկու պաշտոնյա, պարզաբանել է MT-ն։
Նոր ռազմածովային բազայի ձեռքբերումը Ռուսաստանի համար հատկապես կարևոր է դառնում Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին: Բաշար Ասադի իշխանության տապալման պատճառով Ռուսաստանը կարող է զրկվել նման բազայից։ Միևնույն ժամանակ, քաղաքացիական պատերազմ վարող Սուդանը, որի իշխանություններին աջակցում է Կրեմլը, դեռ ընդառաջ չի գնում Մոսկվայի ցանկություններին:
Պորտ Սուդանում ռուսական ռազմածովային նավատորմի բազայի կառուցումը քննարկվել է դեռևս 2019 թվականին, և երկրներն այդ մասին համաձայնագիր են կնքել։ Սակայն Սուդանում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո այն այդպես էլ չի վավերացվել։
Նախկին ԽՍՀՄ-ի ժամանակներից ի վեր Աֆրիկայում առաջին ռազմածովային բազա տեղակայելով՝ Ռուսաստանը կարող էր վերահսկել Սուեզի ջրանցքով երթուղին և ապահովել իր մշտական ներկայությունը Հնդկական օվկիանոսում՝ գրել է MT-ն։