Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել 34 պատանդի, հիմնականում կանանց և երեխաների, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության ուժերի կին զինվորների, հաղորդում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը:
Փոխարենը Իսրայելն ազատելու է չճշտված թվով պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ցմահ բանտարկված մի քանիսին:
Ըստ Al-Mayadeen-ի՝ առաջին 42 օրվա ընթացքում Իսրայելը նաև «թույլ կտա զգալիորեն մեծացնել մարդասիրական օգնության, ինչպես նաև սարքավորումների հոսքը Գազայի հատված, որոնք անհրաժեշտ են հիվանդանոցների և հասարակական հաստատությունների վերականգնման համար»:
Իսրայելցիները համաձայնել են դուրս գալ Գազայի հատվածի խիտ բնակեցված տարածքներից, հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ կողմերը պայմանավորվել են նաև առաջին փուլում վերաբացել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը, սակայն հարցը, թե ով է այն վերահսկելու, դեռ լուծված չէ։
Չորեքշաբթի The Times of Israel-ն էլ, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը կարող է համաձայնություն կնքել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ, նույնիսկ եթե դա չնախատեսի անկլավում ռազմական գործողությունների ավարտ:
Միջնորդները կարծում են, որ պատանդների ազատ արձակման գործարքը կհանգեցնի լայնամասշտաբ համաձայնության՝ ներառյալ բոլոր պատանդների ազատումը, պատերազմի ավարտը և իսրայելական զորքերի դուրսբերումը: