Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բրյուսելում է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից առաջ Մարկ Ռյուտեն և Վոլոդիմիր Զելենսկին հանդես են եկել կարճ հայտարարություններով: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Բրյուսելում հանդիպումները ՆԱՏՕ-ի ղեկավարի և եվրոպացի առաջնորդների հետ լավ հնարավորություն են քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «այսօր և վաղը»: Նա ընդգծել է, որ Բրյուսել կատարած իր երկօրյա այցի ընթացքում շատ կարևոր է հանդիպումներ անցկացնել գործընկերների հետ և որ նրանք միասնական դիրքորոշում արտահայտեն, թե ինչպես է պետք ուժեղացնել Ուկրաինան:
Մարկ Ռյուտեի խոսքով էլ՝ կարևոր է համոզվել, որ Ուկրաինան ուժեղ դիրքեր կունենա, երբ սկսվեն խաղաղ բանակցությունները: «Դա նշանակում է, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք Կիևին անհրաժեշտ զինտեխնիկայով, հակաօդային պաշտպանությամբ»,- նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: