Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ընկերություններում, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը՝ բարձրացնելով ՀՀ ընկերությունների ներդրումային գրավչությունը: Օրինագծերի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման և կատարման համար՝ բարձրացնելով ՀՀ ընկերությունների ներդրումային գրավչությունը:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր):
Առաջարկվում է նաև սահմանել, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Հարկ է նշել, որ նախագծով նաև նախատեսվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման դեպքերի, կարգի և պայմանների սահմանումը թողնել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին։