Նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ պետական բյուջե է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես ՀՀ շահաբաժին։ Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա, կարծում եմ, իրադարձություն է, որ արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան ավելի քան քսանքանի տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ նշել, որ այս թիվը չի ներառում վճարված հարկերը,- ասաց վարչապետը և հավելեց. «Այս տարի արդեն 73 միլիարդ 800 միլիոն դրամի հարկ է վճարել, և գոնե տեսանելի հորիզոնում սա նույնպես, կարծես թե, առնվազն շատ մեծ թիվ է նախորդ շրջանում 1 տարվա վճարված հարկերի համեմատությամբ»։
Վարչապետը նաև տեղեկացրեց՝ 2024 թվականի 11 ամիսների տվյալների համաձայն՝ պետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հավելեց. «2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր շահաբաժինը կազմել է ավելի քան 294 մլրդ դրամ, որից այս փոփոխությունով վճարվել է 152 մլրդ դրամը, որից, Կառավարության մասնաբաժնին համապատասխան, ՀՀ բյուջե է վճարվել 33 մլրդ 249 մլն դրամ: Դեռևս կա չվճարված 142 մլրդ դրամի շահաբաժին, որից կրկին պետական բյուջե պետք է վճարվի մեր մասնաբաժնին համապատասխան: Տվյալները 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ են»: