Գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ գնել: Այս հանգամանքով պայմանավորված՝ վթարային, քանդման ենթակա շենքի բնակիչները չեն կարողացել ծրագրի շահառու դառնալ: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով Լոռու և Տավուշի մարզերում 2024-ի մայիսի 25-26-ի հորդառատ անձրևներից տուժածներին փոխհատուցում տրամադրելու կարգում փոփոխություն կատարելու որոշման նախագիծը:
«Նոր փոփոխությամբ առաջակում ենք 1 քառակուսի մետրի համար սահամանել 148,050 դրամ՝ գործող 63,400 դրամի համեմատությամբ:
Նախագծով առաջարկվում է նաև ձեռք բերվող բնակարանի գինը տրամադրվող գումարից ցածր լինելու դեպքում հնարավորություն տալ շահառուներին ավել մասն օգտագործել բնակարանի նորոգման կամ կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերման նպատակով, որի վճարումը կկատարվի ծախսերը փաստացի հիմնավորող փաստաթղթերով»,- ասաց նախարարը և հավելեց, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 1-ն է:
Խուդաթյանը նաև ներկայացրեց ծրագրի շահառու 25 ընտանիքների տեղաբաշխվածությունը: Ըստ այդմ՝ 16 ընտանիքները Սանահին կայարան 12 շենքի բնակիչներ են, 8 ընտանիքները Բաղրամյան թաղամասի Երևանյան խճուղի և Սանահին կայարան 155 շենքերի բնակիչներ են, 1 ընտանիքը՝ Փամբակ համայնքի Ձորագետ բնակավարի բնակիչ:
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց վթարային շենքերը քանդվելու պայմանը, ընդգծեց՝ եթե վթարային շենքերը չեն քանդվելու, եթե այդ երաշխիքը չկա, ապա պետք է չընդունել որոշումը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պատասխանեց՝ այդ մասին պայմանավորվածություն կա, բնակիչները տեղեկացված են, որ մինչև քանդման ենթակա շենքերից դուրս չգան, փոխհատուցում չի տրվելու: