Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինծառայության պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է 1 տարով տարկետում, և ենթադրվում է, որ դիտարկման ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է, բարդանո՞ւմ է, որը կտանի ազատման, թե՞ չէ, և, իհարկե, լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել:
Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարելը, և, իհարկե, սա բերում է նրան, որ 1 տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա: Մեր գնահատմամբ՝ սա մի յուրօրինակ սողանցք է զինծառայությունց խուսափելու համար: Դրանից ելնելով՝ այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինծառայությունից խուսափելը, այսպես ասած, «խրախուսելը»»,- ասաց նա:
Պապիկյանը նաև նշեց՝ մի իրավիճակ կա, որ կապված է լեղապարկի հիվանդության հետ: Սպաների մի զգալի հատված տարիքի բերումով ունենում է լեղապարկի խնդիր: Սպաները, որոնք ուզում են ծառայել, ստիպված են լինում այս հիվանդության բերումով հաճախ ընդհատել զինծառայությունը, որովհետև համարվում են ոչ պիտանի ծառայության համար:
«Առաջարկում ենք՝ այս հիվանդությունը նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռի: Շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլև հետագայում ատեստավորվելու և բնականոն իրենց ծառայությունը շարունակելու»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ վերջերս ԱԽ նիստին քննարկվել և հավանության է արժանացել բանակի կերպափոխման հայեցակարգը, ապա այս համատեքստում նկատեց՝ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ:
Պապիկյանը նաև պարզաբանեց. «Հիվանդություների տեսակներ կան. դեպքեր կան, երբ մարդուն տրվում է 3 տարով տարկետում: 1 տարով տալու պարագայում այլևս չենք կարող ևս 1 տարի տալ [տարկետում]: Դիտարկման շրջանը կարող է ցույց տալ, որ հիվանդությունը չի զարգացել, և մենք զորակոչենք: Եթե դիտարկման շրջանը ցույց կտա, որ կար հիվանդություն, որը կարող էր չեզոքացվել 1 տարվա ընթացքում, բայց չի արվել, այո՛, մենք դա կստանձնենք»: