Պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ. դա անթույլատրելի է, դա ուղիղ հակասում է այն տրամաբանությանը և գաղափարախոսությանը, որը մենք իրագործում ենք: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Էլի ասում եմ, որ ես դեմ եմ բոլոր նման դեպքերում որևէ կարգի օգնություն, աջակցություն ստանալուն: Նույնիսկ եթե եկել է ՀՀ, մաքսատանը կանգնած է, ոչինչ, թող մաքսատնից հետ տան: Աշխարհում այնքան երկրներ կան, որ դրա կարիքն ունեն, և իրենց համար խնդիր չէ այդ օգտագործած, մաշած, կիսափչացած ապրանքները... Ով դրա կարիքն ունի, թող ուղարկեն այնտեղ: ՀՀ չմտնի՛, ընդհանրապես չմտնի՛ որևէ այդպիսի ապրանք:
ՊԵԿ-ին այդ թվում հրապարակային ասում եմ՝ նման դեպքեր չլինեն, կամ եթե առանձնահատուկ դեպքեր կան, ինձ անպայման այդ մասին զեկուցեք»,- ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց՝ վարչապետի հանձնարարականից հետո այդ հարցում հետևողական են եղել, և դրանից հետո մարդասիրական հանձնաժողովը նման որոշում չի կայացնում:
«Եղել են տարբեր համայնքներից դիմումներ, որ փաստն արդեն կայացած է եկել, բեռն արդեն հասել է, բայց խնդրել ենք վերադարձնել, որովհետև մենք նման ձևով որոշում տարուց ավելի է, որ չունենք»,- ասաց փոխվարչապետը:
Փաշինյանը հիշեցրեց՝ եղել են ժամանակներ, որ ՀՀ-ի համար դա կարևոր է եղել, ապա Կառավարության ու ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք պահանջված ապրանքները, սնունդն ուղարկել են Հայաստան:
«Բայց կարծում եմ, որ մենք այդ էջը պետք է փակված համարենք, բարեգործության մասին նոր օրենք պետք է ընդունենք, որտեղ շատ հստակ և խիստ տրամաբանություն կլինի, և բարեգործություն ասածը մեր երկրում պետք է ունենա այն իմաստը, ինչ առաջավոր և զարգացած երկրներում է»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ բարեգործությանը դեմ չէ ասվածը, այլ բարեգործության այն ընկալման դեմ է, որը երկար ժամանակ նաև օբյեկտիվ պատճառներով գործել է ՀՀ-ում: