Հյուսիսատլանտյան դաշինքը ԱՄՆ-ի փոխարեն ստանձնել է Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության համակարգումը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ ՆԱՏՕ-ն այդ կերպ ցանկանում է պաշտպանել Կիևին աջակցության մեխանիզմը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։
Մինչ այդ Կիևին ռազմական օգնությունը համակարգում էր Վաշինգտոնի գլխավորած «Ռամշտայնի խումբը», որը հավաքվում էր Գերմանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի համանուն ավիաբազայում: Այժմ, ըստ Reuters-ի, դրանով սկսել է զբաղվել դաշինքի նոր առաքելությունը՝ «Ուկրաինայի համար անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի օգնությունն ու ուսուցումը», որը գտնվում է գերմանական Վիսբադեն քաղաքի ամերիկյան ռազմաբազայում:
Գործակալությունը նշում է, որ ՆԱՏՕ-ին լիազորությունների փոխանցումը կարող է սահմանափակող ազդեցություն ունենալ, քանի որ Թրամփը՝ ստանձնելով պաշտոնը, հնարավոր է կրճատի ամերիկյան օգնությունն Ուկրաինային, որի ծավալները նա վաղուց է քննադատում: Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի հաշվարկով՝ 2022 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հունվարը Վաշինգտոնը Կիևին հատկացրել է 42,2 միլիարդ եվրո։ Օգնության ծավալով երկրորդ տեղում Գերմանիան է՝ 17,1 մլրդ։