Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Россия сегодня միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի ժամանակ շոշափվել է նաև ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածության աճի հարցը:
Կիսելյովը հիշեցրել է ՆԱՏՕ-ի հայտարարությունը, ըստ որի դաշինքը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ պատերազմին առաջիկա հինգ-յոթ տարիներին, և հետաքրքրվել, թե դա ինչպես կազդի Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վրա։
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ գործը չի հասնի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև նման ակնհայտ առճակատման։
«Բոլորը հասկանում են դրա աղետալի հետևանքները ամբողջ աշխարհի, բոլոր երկրների և, իհարկե, տարածաշրջանին սահմանակից երկրների համար: ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև պատերազմը կլինի համաշխարհային ապոկալիպսիս: Պարզ է, որ այս պատերազմում հաղթողներ չեն լինի, և ոչ մի երկիր, նույնիսկ, ասենք, ՆԱՏՕ-ի տարածաշրջանից կամ Ռուսաստանի տարածքից հեռու, իրեն ապահով չի զգա»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը, միաժամանակ, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունը կհանգեցնի նաև արտաքին քաղաքականության ուղենիշների փոփոխության։
«Նախագահության առաջին շրջանում Թրամփի փորձը, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո նրա ու իր թիմի անդամների հայտարարությունները թույլ են տալիս հուսալ, որ նման մղձավանջային սցենարը չի իրականանա»,- հավելել է Ալիևը:
Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր բոլոր պարտավորություններին և նույնը կանի ապագայում։