Մի քանի հարյուր հյուսիսկորեացի զինվոր սպանվել կամ վիրավորվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մարտերում, ասել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Euronews-ը։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ քանի մարդ է զոհվել, սակայն նշել է, որ զոհերի թիվը մեծ է, քանի որ հյուսիսկորեացի զինվորները մարտական մեծ փորձ չունեն։
Տեղեկությունը հրապարակվել է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ուկրաինական և արևմտյան աղբյուրները հաստատել են, որ Հյուսիսային Կորեան մոտ 10000 զինվոր է ուղարկել Ռուսաստան։ Փորձագետների կարծիքով՝ ռազմական օգնության դիմաց Մոսկվան նավթ է փոխանցում Փհենյանին։
Հյուսիսային Կորեայի զորքերը տեղակայված են Ռուսաստանի Կուրսկի շրջանում, որտեղ նրանք օգնում են ռուսական բանակին հետ բերել օգոստոսի սկզբին Ուկրաինայի անսպասելի հարձակման հետևանքով կորցրած տարածքները: Մոսկվային առայժմ հաջողվել է հետ գրավել այդ տարածքի մոտ 20%-ը, ասել է ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։