ԱՄՆ-ն և Եվրամիությունը ձգտում են պահել Վրաստանը, Հայաստանին էլ ներքաշել իրենց ազդեցության գոտի, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ ճեպազրույցում։
«Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ, դրա զարգացման վրա կործանարար ազդեցություն է ունենում արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունը` ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահպանել Վրաստանը և ներքաշել Հայաստանն իրենց ազդեցության ուղեծիր»,- ասել է ռուս գեներալը:
Նա ընդգծել է, որ Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը՝ ֆինանսավորելով և ուղղորդելով բողոքի ակցիաները Վրաստանում։
«Ի տարբերություն Արևմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում»,- ասել է Գերասիմովը և Մոսկվային վերագրել դրական առաջընթացը Բաքվի և Երևանի երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում: Ռուս գեներալը որպես դրա օրինակ է նշել Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Տավուշի մարզի միջպետական սահմանազատման գծի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը: