Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Այցի շրջանակում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու, նորընտիր նախագահ Միխեիլ Ղավելաշվիլու, արտգործնախարար Մակա Բոճորիշվիլու հետ, ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանի ընտրությունից հետո ԵԽ գլխավոր քարտուղարն առաջինն է այցելում Թբիլիսի՝ որպես եվրոպական կառույցների պաշտոնական ներկայացուցիչ։
Բերսեի այցը տեղի է ունենում Վրաստանում քաղաքական լարվածության ֆոնին: Ըստ տեղեկությունների՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի այցի նպատակն է Վրաստանի հետ հետագա համագործակցության համար ապահովել կազմակերպության սկզբունքներին և արժեքներին համապատասխան պայմաններ:
Եվրոպայի խորհուրդն իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներին։ Այն նաև զգուշացրել է Վրաստանի կառավարությանը, հատկապես «Վրացական երազանքի» պաշտոնյաներին և ներկայացուցիչներին՝ «դադարեցնել վայրագությունները անմեղ և խաղաղ ցուցարարների նկատմամբ»: