Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ելութ է ունեցել Եվրախորհրդարանում և ներկայացրել հանրապետությունում տիրող իրավիճակը: Նա հայտարարել է, որ շարունակելու է աջակցել երկրում բողոքի ցույցերին, միաժամանակ զգուշացնելով եվրոպացի պատգամավորներին, որ Եվրամիության հանդեպ վստահությունը վտանգված է։
Ստրասբուրգում կայացած իր ելույթում Զուրաբիշվիլին ասել է, որ ԵՄ-ն չպետք է թույլ տա իրեն «նվաստացնել», քանի որ Վրաստանի իշխող կուսակցությունը «ոտնահարում է ժողովրդավարական կանոններն ու նորմերը՝ անտեսելով Բրյուսելի առաջարկությունները»։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը «հիշում է իր կայսերական ժամանակները» և փորձում է ազդեցություն ունենալ ամբողջ Կովկասում ու Սևծովյան տարածաշրջանում՝ վերահսկելով Վրաստանը։
«Խաղադրույքները շատ մեծ են՝ Սև ծովի անվտանգությունը, այն ամենը, ինչ կապված է Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի հետ, ինչպես նաև Հայաստանի եվրոպական ապագան: Սա շատ ավելի խոր գործընթաց է, քան պարզապես Վրաստանի ժողովրդավարությունը կամ նրա քաղաքական ընտրությունները: Վրաստանը քայլերի է սպասում Բրյուսելից և Վաշինգտոնից, և ես հույս ունեմ, որ ճգնաժամը չի սրվի մինչև Բրյուսելի գործողությունները»,- ասել է Զուրաբիշվիլին: