Այսօր առցանց ձևաչափով կայացավ Հայաստանի Հանրապետություն–Ռուսաստանի Դաշնություն միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը, որը վարում էին աշխատանքային խմբի համանախագահներ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Համանախագահները քննարկեցին 2022-2027թթ համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում գրանցված առաջընթացն ու զարգացումները:
Վաչե Տերտերյանը հատկապես ընդգծեց միջտարածաշրջանային շփումների հետագա ակտիվացման ու ընդլայնման անհրաժեշտությունը և արձանագրեց, որ 2024թ. դեկտեմբերի 19-20-ին կայանալիք Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում միջտարածաշրջանային համագործակցությունը կդառնա քննարկվող առանցքային ուղղություններից մեկը:
Անդրադառնալով 2025թ. նախատեսվող ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին՝ Վաչե Տերտերյանը շեշտեց, որ այս հարթակը, որն արդեն մեկ տասնամյակ է գործում, չի կորցրել իր կենսունակությունը, և ի պատասխան ռուսական կողմի առաջարկի՝ պատրաստակամություն հայտնեց հոբելյանական 10-րդ համաժողովը կազմակերպել 2025թ.-ին: