Երիտասարդների տաղանդի, էներգիայի, ներուժի բացահայտումը մեր երկրի զարգացման առաջնահերթություններից է: Հատկանշական է, որ այսօր ՀՀ-ն ունի աշխարհի ամենաերիտասարդ միջին տարիքն ունեցող խորհրդարանը: Սա վկայում է այն մասին, որ երիտասարդների ձայնն արդեն իսկ որոշիչ դեր ունի մեր երկրի որոշումների կայացման հարցում: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը դեկտեմբերի 17-ին հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկումների առանցքում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն էր:
Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով նախագծի վրա նախարարությունն աշխատել է ավելի քան 3 տարի՝ համագործակցելով միջազգային գործընկերների, երիտասարդական կազմակերպությունների, հանդիպելով 100-ից ավելի երիտասադների հետ: Նախագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ եւս:
Թագուհի Ղազարյանը նշել է, որ օրենքի նախագծով սահմանվում է երիտասարդության տարիքային շեմը՝ 13-35 տարեկան՝ նկատի ունենալով, որ հենց այս տարիքում է ձևավորվում անձի քաղաքացիական դիրքորոշումը, արվում են կյանքի համար ամենակարևոր ընտրությունները և տեղի է ունենում անցումը կրթությունից դեպի աշխատաշուկա:
«Օրենքի նպատակը ոչ թե սահմանափակումներ դնելն է, այլ ստեղծել հնարավորություն երիտասարդներին դառնալ ավելի ինքնաբավ, զորեղ ու ինքնավստահ»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:
Նախագծով սահմանվում են երիտասարդության ոլորտում պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականցման անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում մի շարք անկյունաքարային հասկացություններ: Նախագիծը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը և այդ լուծումների շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական, սոցիալական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության բարձրացմանը:
«Երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդների հնարավորությունները և դրանով իսկ կաջակցի հանրային զարգացմանը»,- նշել է փոխնախարարը:
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջև իրավահարաբերությունները, կհստակեցվեն պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջև հարաբերությունները, լիազորություններն ու պարտականությունները: Օրենքի ընդունմամբ նաև կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերն օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը:
Օրենքի ընդունմամբ կստեղծվեն նաև երիտասարդական կենտրոններ Հայաստանի մարզերում: Մի շարք մարզերում արդեն իսկ գործում են այդ կենտրոնները:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի նախագծի մշակման փուլում ուսումնասիրվել է եվրոպական երկրների փորձը և տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, հանրային քննարկումներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի գնահատմամբ նման նախագծերի նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է: Նա խոսել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել ժողովրդավարության ու զբաղվածության ռազմավարություններով նախատեսված մի շարք ծրագրերի իրականացմանը, առանձին թիրախային խմբերի հետ աշխատելու գործողությունների պլաններին:
«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ հիմնադիր խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ անդրադարձել է օրինագծում ներառված հիմնական սուբյեկտներին, մասնավորապես՝ երիտասարդի, երիտասարդական աշխատողի, երիտասարդական կենտրոնների սահմանումներին ու բովանդակությանը:
ԿԳՄՍ նախարարության երիտասարդական հարցերի վարչության պետ Զառա Ասլանյանը խոսել է երիտասարդության ոլորտի պետական քաղաքականության, ոլորտը կանոնակարգող հիմնարար փաստաթղթերի մասին: Ըստ զեկուցողի երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթ քայլերը և խնդիրների լուծումը հնարավոր է միայն համապատասխան իրավական հիմքերի առկայությամբ, ուստի նման օրենքի ընդունումը կնպաստի երիտասարդական քաղաքականության շրջանակում երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն և ոլորտի շարունակական զարգացման տեսանկյունից ավելի արդյունավետ և թիրախային քաղաքականության իրականացմանը: Զառա Ասլանյանը մանրամասնել է օրինագծով նախատեսված երիտասարդական քաղաքականության բնագավառում ՀՀ կառավարության լիազորությունները:
«Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանի խոսքով՝ նախագծի մշակման աշխատանքներին ներգրավված են եղել բազմաթիվ երիտասարդներ. շուրջ 520 երիտասարդ հանդիպումների ընթացքում նախագծին ծանոթանալու հնարավորություն է ունեցել: Քննարկումների արդյունքում հավաքված շուրջ 100 առաջարկներից 30-ն ամփոփվել են և ներկայացվել նախարարությանը. դրանցից 11-ն ընդունվել են:
Գրիգոր Երիցյանն առավելապես կարևորել է այն դրույթը, որի համաձայն՝ պետությունը պարտավորվելու է յուրաքանչյուր տարի իրականացնել երիտասարդների կարիքների վերաբերյալ ամենամյա ազգային հետազոտություն և հրապարակել տարեկան զեկույց՝ ներառելով նախորդ տարիների համեմատ առկա միտումները: Տեղական ինքակառավարման մարմինները եւս պարտավորվում են մշակել ու հաստատել իրենց տեղական երիտասարդական քաղաքականությունը: Արժևորվել է Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի ստեղծումը:
Հիմնական զեկուցողները պատասխանել են նաև մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ուսման վարձավճարների աջակցությանը, երիտասարդներին վերաբերող ծրագրերին, ՏԻՄ-երում երիտասարդական աշխատողի հաստիքներին ու գործառույթներին, երիտասարդական կենտրոնների ֆինանսական հաշվետվությանը և օրինագծից բխող այլ կարգավորումներին: