ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի նստավայրում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին պետք է պատրաստ լինի համաձայնության գնալ՝ դադարեցնելու պատերազմը։
«Զելենսկին խաղաղություն է ցանկանում: Պուտինը ևս պետք է գործարքի գնա: Չափազանց շատ մարդիկ են զոհվում, ավելի, քան հաղորդվում է։ Ես անում եմ հնարավորը՝ դադարեցնելու այն։ Խոսելու ենք Պուտինի, Զելենսկու, նրանց ներկայացուցիչների հետ»,- ասել է Թրամփը:
Նա նաև տեղեկացրել է, որ հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն մանրամասներ չի հաղորդել:
Հարցին՝ արդյոք Ուկրաինան պե՞տք է զիջի իր տարածքները, Թրամփը պատասխանել է՝ մարտական գոտում գտնվող որոշ քաղաքներ գրեթե ամբողջությամբ ավերվել են, և մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց տներ: Նա նաև սխալ է որակել Ջո Բայդենի վարչակազմի որոշումը, որի համաձայն՝ Ուկրաինան կարող է ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին:
«Ինչո՞ւ նրանք դա արեցին առանց ինձ հարցնելու: Ես նման բան չէի անի»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ ընտրված նախագահն անդրադարձել է Սիրիայում զարգացումներին, նշել, որ արաբական հանրապետությունում այժմ անորոշ ժամանակներ են: Թրամփը համոզմունք է հայտնել, որ իշխանության եկած ուժերի հետևում կանգնած է Թուրքիան:
«Կարծում եմ՝ Սիրիայի բանալին Թուրքիայի ձեռքում է: ԱՄՆ-ը կարող է գործակցել Անկարայի հետ տարածաշրջանային հարցերում: Թուրքիան կարևոր երկիր է, ռազմական մեծ ներուժ ունի: Նախագահ Էրդողանի հետ էլ ես լավ լեզու եմ գտնում»,- նշել է Թրամփը:
Խոսելով Գազայի հատվածում իրավիճակից՝ Թրամփը հայտարարել է՝ ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը մինչև իր երդմնակալությունն ազատ կարձակի գերիներին, հակառակ դեպքում դժոխք կսկսվի: