Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը՝ կապված Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզային ռեժիմի սահմանման հանձնարարականի հետ:
Վրաստանի վարչապետը նշել է, որ թեպետ այդ որոշումը «խորհրդանշական է», «այն պետք է գնահատել որպես անկասկած հակավրացական քայլ, որը խաթարում է եվրոպական կառույցների հեղինակությունը վրացական հասարակության ընկալումներում»։
«Նման որոշումների հետևանքը վրացական հասարակության ընկալումներում եվրոպական կառույցների շարունակական արժեզրկումն է, ինչը լուրջ խնդիր է։ Վերջերս Եվրամիությունն իրականացրել է «Եվրոբարոմետր» հետազոտությունը, որի համաձայն՝ վերջին վեց ամսվա ընթացքում Վրաստանում եվրոպական կառույցների նկատմամբ վստահությունը նվազել է 6 տոկոսով: Հենց նման որոշումներն են նվազեցնում վրացական հասարակության վստահությունը Եվրոպական կառույցների նկատմամբ»,- ասել է Կոբախիձեն։
Նա հայտնել է, որ Վրաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին դեմ են հանդես եկել Հունգարիան, Իսպանիան, Իտալիան, Ռումինիան և Սլովակիան: