Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին:
Գործակալության պետը կարևորել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստան-Իսպանիա համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացման և զարգացման գործում Իսպանիայի ունեցած մեծ ձեռքբերումները: Գործակալության պետն այս առումով բարձր է գնահատել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Իսպանիայի լիազոր մարմնի (AEPD) հարուստ փորձը, որն ավելի քան 30 տարվա պատմություն ունի։
Քրիստինա Կոնեսա Սանչոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցության ձևավորմանը՝ առաջարկելով գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով երկկողմ այցերի կազմակերպում ու համատեղ ծրագրերի իրականացում:
Գործակալության պետը ներկայացրել է նաև կառույցի կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները՝ հույս հայտնելով նոր ծրագրերի իրականացման գործընթացում տեսնել նաև իսպանական կողմի ներգրավվածությունը։
Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը լավ մեկնարկ կլինի ապագա համատեղ նախագծերի և նախաձեռնությունների համար: