Ինժեներական քաղաքում դեկտեմբերի 17-ին կայացել է քննարկում՝ օրերս ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների շուրջ, որը միտված է ստեղծելու բարենպաստ պայմաններ տեխնոլոգիական ընկերությունների գործունեության համար և աջակցելու ոլորտի շարունակական զարգացմանը։
Քննարկմանը, որին մասնակցել են Ինժեներական ասոցացիայի ընկերությունների տնօրենները և հաշվապահները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը պարզաբանել է օրենքներում տեղ գտած մի շարք դրույթներ, մանրամասներ ներկայացրել դրանց կիրարկման վերաբերյալ։
Մեկ անգամ ևս ընդգծվել է, որ այս օրենքների ընդունումը նպատակ ունի վերանայելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի և գիտահետազոտական աշխատանքների համար նախատեսված պետական աջակցության գործիքակազմը, ինչպես նաև ընդլայնելու հարկային արտոնությունների շրջանակը՝ ապահովելով առավել նպաստավոր պայմաններ ոլորտի զարգացման և աճի համար։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։
Հարցադրումներին, որոնք վերաբերել են աշխատանքային միգրանտներին ուղղված աջակցությանը, նոր աշխատակիցների ներգրավման համար տրամադրվող հարկային արտոնություններին, աշխատակիցների վերապատրաստման համար տրվող փոխհատուցմանը, եկամտային և շրջանառության հարկի մասով արտոնություններին և օրենքներում տեղ գտած մի շարք այլ կետերի, տրվել են հանգամանալից և սպառիչ պատասխաններ։
ԱԺ կողմից դեկտեմբերի 4-ի նիստում ընդունված նշյալ օրենքները ուժի մեջ կմտնեն և կսկսեն գործել արդեն 2025թ. հունվարի 1-ից։
29 մլրդ ՀՀ դրամը արժեքով օրենքների ընդունումը շրջադարձային փոփոխություններ է խոստանում տեխնոլոգիական ոլորտում: