Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը բոլոր ոլորտներում շեշտակիորեն զարգանում է: Այս համատեքստում տնտեսական ոլորտի հարաբերություններում կարևոր են դառնում, մասնավորապես, գինեգործական արտադրանքի արտահանման և ներմուծման հետ կապված հարցերը: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասել է դեկտեմբերի 17-ին Հայաստանի գինեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանձնաժողովը քննարկումը նախաձեռնել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ: Հանդիպման նպատակն է քննարկելու ոլորտին վերաբերող հարցերն ու գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է, որ վերջին տարիներին մեր երկրում գինեգործությունը շատ ակտիվ է զարգանում և հայկական գինու՝ եվրոպական երկրներ արտահանումը կարևորագույն ուղղություններից մեկն է: Հիմնադրամն աջակցում է գինեգործական ընկերություններին` ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային տարբեր հարթակներում: Զարուհի Մուրադյանը նաև տեղեկացրել է, որ արտահանման հետ կապված կան լուրջ մարտահրավերներ և խնդիրներ: Հիմնադրամի տնօրենը կարևորել է քննարկումը՝ նշելով, որ սա լավ հնարավորություն է՝ անդրադառնալու առկա խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված հարցերին:
Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի խոսքով 2018 թվականից Միջազգային հանրապետական ինստիտուտը Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների վստահելի գործընկերն է և տարիների ընթացքում միասին աշխատել են՝ ամրապնդելու կառավարումը, խթանելու երկխոսությունը ու լուծելու կարևոր մարտահրավերները: Այսօրվա միջոցառումը, ըստ նրա, այդ ավանդույթի շարունակությունն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե ինչպես կարող է երկրի տնտեսության և ինքնության կարևոր մասը հանդիսացող գինեգործության ոլորտը զարգանալ եվրոպական ինտեգրման շրջանակում:
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են եվրոպական ինտեգրման գործընթացի շրջանակում գինեգործության մարտահրավերներին, ընթացակարգերին, արտահանման խնդիրներին, մրցունակության վրա ազդող մարկետինգային քաղաքականությանը, լոգիստիկ հարցերին, Հայաստանի գինեգործության ոլորտը Եվրամիության որոշակի չափորոշիչներին համապատասխանեցնելուն վերաբերող հարցերին:
Գինեգործության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ և հույս հայտնել, որ նման հանդիպումներն ու համատեղ նախաձեռնությունները կլինեն շարունակական, ինչը կնպաստի ոչ միայն հայկական գինեգործության, այլև ամբողջ տնտեսության զարգացմանը: