Ներկայումս գործող աշխարհազորի համակարգը նախատեսվում է փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել դրանց դերակատարությունը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ հայտնում են ԱԺ-ից:
Կառավարության հեղինակած ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում:
Ըստ Արման Սարգսյանի՝ տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է բանակային կորպուսի հրամանատարի կողմից, ու դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործեղ զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ: Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով՝ անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով: Այն չի համարվելու զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր:
Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են նաև տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումներում քաղաքացիների ներգրավման, պատրաստության և կիրառման պայմանները, որոնք գրեթե նույնական են գործող օրենքով աշխարհազորայինների մասով նախատեսված պայմաններին:
Նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին: Խոսելով գործող աշխարհազորայինների ճակատագրի մասին՝ Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ նոր պայմանագրեր կնքելու միջոցով վերջիններս դառնալու են տեղական պաշտպանության ուժերը համալրողներ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարևորելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ կարգավորումներից հետո կհստակեցվեն իրավահարաբերությունները:
Մտքերի փոխանակության ձևաչափում պատգամավորներն ընդգծել են առաջարկվող փոփոխությունների կարևորությունը:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: