ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով հիմնադրամի ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի ներքո գործող ընթացիկ նախագծերից 6-ը կշարունակվեն պետության հովանու ներքո։
Մեկնարկելով 2020 թվականին՝ ADVANCE-ը Հայաստանում ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Չիլիից միջազգային անվանի գիտնականների ղեկավարությամբ միավորել է 88 հետազոտողի, ձևավորել հետազոտական թիմեր այնպիսի նորարարական ուղղություններում, ինչպիսիք են՝ մեքենայական ուսուցումը, համակարգչային տեսողությունը, կենսատեխնոլոգիան, կենսաինֆորմատիկան, մաթեմատիկական անալիզը և այլն: Ծրագիրը հիմք է հանդիսացել 3-4-ամյա 9 հետազոտական նախագծերի ձևավորման համար, որոնցից 2-ը՝ Երևանի պետական համալսարանի հետ համաֆինանսավորմամբ և համագործակցությամբ իրականացվող «Մեքենայական ուսուցում» և «Կենսատեխնոլոգիա» նախագծերը, աշնանն ամփոփել են իրենց քառամյա ուղին:
Անցած չորս տարիների ընթացքում ձևավորված թիմերն ունեցել են 30 հրապարակում միջազգային բարձր գործակցով ամսագրերում, Հայաստանում կազմակերպել են 25-ից ավելի ֆորմալ և ոչ ֆորմալ դասընթացներ, ամառային դպրոց և համաժողով` ներգրավելով ավելի քան 770 մասնակիցների:Ընդլայնվել է հետազոտական լաբորատորիաների հագեցվածությունը 6 գործընկեր կառույցներում։
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ընդգծել է. «Պետական քաղաքականությունը նախատեսում է առանցքային բարեփոխումներ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, որոնք ենթադրում են ոլորտի բոլոր ներկայացուցիչների, ներառյալ՝ FAST հիմնադրամի ակտիվ ներգրավվածությունը՝ հատկապես հաշվի առնելով հիմնադրամի՝ նորարարական նախագծերի իրականացմանն աջակցության բազմամյա հաջող փորձառությունը և փորձագիտական ներուժը»:
Ըստ FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի՝ ADVANCE-ի գաղափարը բխում է Հայաստանում գիտության առջև ծառացած խորքային խնդիրները հասցեագրելու, տեղի և միջազգային հետազոտական կառույցները կամրջելու, մինչ այդ նվազ ուսումնասիրված արդի ուղղություններում հետազոտությունները խթանելու և էկոհամակարգին զարգացման նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունից։ «Արդյունքում ծնվեց հետազոտական դրամաշնորհային այս ծրագիրը, որի փորձարկումը հաջողելու դեպքում նախատեսում էինք ներկայացնել այն Կառավարության մեր գործընկերներին՝ որպես գիտության ֆինանսավորման համապարփակ մոդել։ Հուրախություն մեզ՝ 4 տարի անց նախարարությունը փոփոխվող ռազմավարության շրջանակում ոչ միայն ավելացրել է գիտության ֆինանսավորումը, այլև ինտեգրել ADVANCE-ի մոդելը՝ ձևավորելով միջավայր, որը թույլ կտա ապահովել մոդելի կենսունակությունն ու սփռումը»։
ADVANCE-ի շրջանակում ներգրավված են եղել Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարանները, ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվան ֆիզիոլոգիական ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտը: Որպես հյուրընկալող կառույցներ՝ վերջիններս հարթակ են ստեղծել հետազոտական նախագծերի իրականացման և միջազգային ու տեղական մակարդակում գիտական միջոցառումների կազմակերպման համար:
Ծրագրի մեկնարկից ի վեր FAST-ն իր նվիրատուների շնորհիվ ներդրել է 1,970,500 դոլար՝ ապահովելով հետազոտական աշխատանքի համար ամսական դրամաշնորհներ, ֆինանսավորելով միջազգային գիտաժողովներին հետազոտողների մասնակցությունը, անհրաժեշտ սարքավորումների ու լաբորատոր նյութերի գնումը, հոդվածների հրապարակման և թիմերի աշխատանքից բխող մնացած ծախսերը։
Իր հերթին ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն 2025 թ․ հունվարից մինչև 2027 թ․ օգոստոս ընկած ժամանակահատվածում ստանձնում է ADVANCE-ի 6 նախագծերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրումը։ Առաջիկայում հիմնադրամը կշարունակի աջակցել ծրագրի արդյունքների հանրայնացման և հետազոտող գիտական խմբերի միջև կապերի ընդլայնման աշխատանքներին: