ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի անդամները դեկտեմբերի 16-ին քննարկել են Վրաստանում տիրող իրավիճակը և որոշում ընդունել վրացական դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը դադարեցնել։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նա նաև տեղեկացրել է, որ խորհրդի նիստում քննարկվել է վրաց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ «Վրաստանում իրավիճակը զարգանում է բնակչության համար ոչ դրական ուղղությամբ։ Ընդդիմության նկատմամբ ճնշում է գործադրվում, տեղի է ունենում մեդիայի աշխատանքի սահմանափակում։ Մենք դադարեցնում ենք Վրաստանի կառավարության հետ քաղաքական շփումները և ֆինանսավորումը»,- ասել է նա։ Կալլասը տեղեկացրել է, որ շուտով խորհուրդը հայտարարությամբ հանդես կգա վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզային ռեժիմը չեղարկելու մասին։
«Մենք կշարունակենք աջակցել Վրաստանի ժողովրդին։ Օգնությունը, որը մենք ցուցաբերել ենք իշխանություններին, կհատկացվի քաղաքացիական հասարակությանն ու անկախ մեդիային։ Ինչպես Սիրիայում իր ապագան որոշողը սիրիացի ժողովուրդն է, այնպես էլ Վրաստանում երկրի բնակչությունը պետք է որոշի, թե ինչպիսին է լինելու իր ապագան»,- ասել է նա։