Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ասել է, որ Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ՝ միևնույն ժամանակ պահպանելով իր ազգային շահերը։
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Ղավելաշվիլին մեկնաբանել է բողոքի ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում, որոնք սկսվել են վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը: Նա նշել է, որ ցանկանում է ակցիաներին անկեղծորեն մասնակցող քաղաքացիներին բացատրել, որ Վրաստանի իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվում ԵՄ-ին անդամակցությունից, այլև ընդհակառակը՝ տրամադրված են անդամակցության, սակայն պետք է փոխվեն տրամադրությունները եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում:
Նրա խոսքով՝ Եվրամիության հետ կապված, Վրաստանի իշխանությունները «ծրագրել են հստակ երկարաժամկետ գործընթաց», և երկիրը ձգտում է անդամակցել ԵՄ-ին։
Ղավելաշվիլին, միաժամանակ, հիշեցրել է Վրաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի երկիրը հենց հիմա էլ պատրաստ է ԵՄ-ի հետ ստորագրել փաստաթուղթը՝ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին, եթե Բրյուսելից նման առաջարկ ստանա: