Հարավային Կորեայի՝ իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սուկ Յոլը մերժել է հետաքննական մարմինների հարցումը՝ ներկայանալ հարցաքննության, կապված ռազմական դրության մասին իր կարճատև հրամանագրի հետ: Սահմանադրական դատարանը երկուշաբթի սկսել է իր առաջին նիստը Յունի գործով՝ որոշելու պաշտոնապես հեռացնել նրան, թե՞ վերականգնել պաշտոնում, գրում է Associated Press-ը:
Համատեղ քննչական խումբը, որը ներառում է ոստիկանությունը, հակակոռուպցիոն գործակալությունը և պաշտպանության նախարարությունը, հայտարարել է, որ ցանկանում է հարցաքննել Յունին՝ ապստամբության և իշխանության չարաշահման մեղադրանքով:
Երկուշաբթի թիմը փորձել է հարցումը փոխանցել Յունի գրասենյակի կամ նախագահի նստավայրի պաշտոնյաներին, սակայն նրանք հրաժարվել են ընդունել այն:
Յուն Սոկ Յոլը մեղադրվում է դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն հայտարարելով՝ ապստամբություն հրահրելու համար։ Հարավային Կորեայի նախագահը շաբաթ հեռացվել է իր պարտականություններից, քանի որ օրենսդիրները քվեարկել են նրա իմփիչմենթի օգտին: Կորեայի Հանրապետության Սահմանադրական դատարանը 180 օրվա ընթացքում պետք է որոշի՝ ուժի մեջ թողնել խորհրդարանի որոշումը, թե՞ ոչ։
Իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցության առաջնորդ Հան Դոնգ Հունը երկուշաբթի հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ նախագահ Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու քվեարկությունից հետո կուսակցության ներսում աճող տարաձայնությունների ֆոնին: