ԱՄԷ-ն, Կատարը, Սաուդյան Արաբիան և Իրաքը դատապարտել են Իսրայելի մտադրությունը՝ ավելացնելու իր ներկայությունը Գոլանի բարձունքներում։
«Այս որոշումն օկուպացիան ընդլայնելու միտումնավոր փորձ է և հակասում է միջազգային իրավունքին»,- ասվում է ԱՄԷ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Գոլանի բարձունքներում բնակավայրերի ընդլայնման՝ Իսրայելի կառավարության որոշումը սպառնում է հետագա լարվածությամբ տարածաշրջանում:
ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հավատարիմ է Սիրիայի միասնությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Կատարը միացել է ԱՄԷ-ի հայտարարությանը, միաժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը կատարել իր իրավական և բարոյական պարտավորությունները։
Իրաքի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գոլանը օկուպացված սիրիական տարածք է, և որ դրա կարգավիճակը փոխելու ցանկացած փորձ իրավական ուժ չունի։
Սաուդյան Արաբիան նույնպես համաձայնել է Իրաքի դիրքորոշմանը։ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Իսրայելը խաթարում է Սիրիայի անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու հնարավորությունները։
Իսրայելի կառավարությունը կիրակի հաստատել է Գոլանի բարձունքներում բնակավայրերի ընդլայնման և բնակչության թվաքանակը կրկնապատկելու ծրագիրը։
Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արևելքում։ Դրա զգալի մասը ներկայումս վերահսկում է Իսրայելը, արևելյան մասը՝ Սիրիան։ Սիրիայում քաղաքական փոփոխություններից հետո Իսրայելը որոշել է, որ իսրայելական բանակի ստորաբաժանումներն ամբողջ ձմեռ կմնան Հերմոն լեռան սիրիական կողմում: