Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադը, որն իշխանությունից հեռացվել էր ընդդիմության հարձակման հետևանքով, հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ես Դամասկոսում եմ մնացել մինչև դեկտեմբերի 8-ի առավոտյան։ Տեղափոխվեցի Խմեյմիմ բազա՝ այնտեղից աշխատանքը շարունակելու համար, և այնտեղ էլ իմացել եմ Դամասկոսի անկման մասին»:
Ասադը նշել է, որ Մոսկվան դիմել է բազայի ղեկավարությանը դեկտեմբերի 8-ի երեկոյան՝ իրեն անհապաղ Մոսկվա տարհանելու խնդրանքով։
«Ճգնաժամի ամբողջ ընթացքում ես չեմ դիտարկել հրաժարական տալու և երկիրը լքելու հնարավորությունը»,- հավելել է Սիրիայի նախկին նախագահը։
Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է կայացրել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը։