Իսրայելը հայտարարել է, որ կփակի Իռլանդիայում իր դեսպանատունը, քանի որ անցյալ շաբաթ Դուբլինն իր աջակցությունն է հայտնել Միջազգային արդարադատության դատարանի՝ Իսրայելին ցեղասպանության համար մեղադրող միջնորդությանը:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարն ասել է, որ այդ քայլը պայմանավորված է Իռլանդիայի կառավարության «ծայրահեղ հակաիսրայելական քաղաքականությամբ»՝ նշելով անցյալ շաբաթ Միջազգային դատարանի միջնորդությանը միանալու Դուբլինի որոշումը:
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը ափսոսանք է հայտնել Նեթանյահուի կառավարության այդ որոշման համար և X-ում գրել է. «Ես կտրականապես մերժում եմ այն պնդումը, որ Իռլանդիան հակաիսրայելական է։ Իռլանդիան հանդես է գալիս հանուն խաղաղության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի: Մենք երկու պետության որոշման կողմնակից ենք, որպեսզի Իսրայելն ու Պաղեստինն ապրեն խաղաղ ու անվտանգ պայմաններում: Իռլանդիան միշտ հանդես կգա մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի օգտին և այդ ուղուց չի շեղվի»:
Սայմոն Հարիսը նաև ընդգծել է, որ Դուբլինը հանդես է գալիս Գազայում պատերազմի շուտափույթ ավարտի օգտին: «Գազայում պատերազմի շարունակությունն ու անմեղ մարդկանց զոհվելն ուղղակի անընդունելի են և հակասում են միջազգային իրավունքին»,- գրել է վարչապետը: