Երկուշաբթի Ֆրանսիայի նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն խորհրդակցություններ է սկսել հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Առաջինը Մատինյոն է ժամանել «Ազգային միավորման» ղեկավար Ժորդան Բարդելան՝ Մարին Լը Պենի ուղեկցությամբ։ Վերջինը կիրակի ասել էր, որ Ազգային ժողովի պատգամավորները նախապես չեն դատապարտի նոր կառավարությանը։
Այնուհետև բանակցություններ են տեղի ունեցել վարչապետի և Ազգային ժողովի «Միասին՝ հանուն Հանրապետության» նախագահական ուժերի դաշինքի նախագահ, նախկին վարչապետ Գաբրիել Աթալի միջև։ Նա չի մեկնաբանել հանդիպման արդյունքները։
Դրանից հետո վարչապետի մոտ խորհրդակցության են ժամանել Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչներ Օլիվիե Ֆորը, Պատրիկ Կանն ու Բորիս Վալյոն։
Ձախ ծայրահեղական «Անհնազանդ Ֆրանսիայի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդա Պանոն մերժել է վարչապետի հետ հանդիպման առաջարկը։
Վարչապետի և կուսակցությունների առաջնորդների հանդիպումների կարգը որոշվել է խորհրդարանում կուսակցության ներկայացուցիչների թվով։
Euronews-ը ենթադրել է, որ Ֆրանսուա Բայրուի և Ֆրանսիայի քաղաքական առաջնորդների քննարկումների կենտրոնում եղել է 2025 թվականի բյուջեն՝ զգայուն թեմա, որը հանգեցրեց Միշել Բարնիեի կառավարության անկմանը։
Նախորդ վարչապետը, օգտագործելով Սահմանադրության 49.3-րդ հոդվածը, որոշել էր վիճահարույց բյուջեն ընդունել առանց քվեարկության՝ չնայած ծայրահեղ աջ ու ձախ կուսակցությունների քննադատությանը: Այս երկու առերևույթ հակադիր քաղաքական ուժերի դաշինքը դեկտեմբերի 4-ին հանգեցրել է կառավարության՝ պատմական անվստահության քվեի:
Ըստ վերլուծաբանների, նոր կառավարությունը, եթե նույնիսկ ձևավորվի առաջիկա շաբաթներին, դժվար թե հասցնի բյուջե ընդունել մինչև նոր տարվա մեկնարկը։ Բյուջեի բացակայության դեպքում կկիրառվի հատուկ օրենք, որի շնորհիվ պետական ֆինանսավորումը կշարունակվի նախորդ տարվա բյուջեի դրույթների համաձայն: