ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն։
ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ:
Դավիթ Կարապետյան.
«Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ ճանապարհին մեզ ուղղորդող արժեքներն են ամուր նվիրվածությունը խաղաղությանն ու առաջընթացին, համատեղ աշխատանքն ու ազնվությունը: Համագործակցության միջոցով մենք կարող ենք դիմակայել մեր առջև ծառացած անհամար մարտահրավերներին՝ դրանք կապված լինեն անվտանգության, կայուն զարգացման, կլիմայի փոփոխության, թե մարդու իրավունքների ու արդարադատության խթանման հետ: (…) Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ Նոր տարվա առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2025թ. լի լինի երջանկությամբ, սիրով և մեծ ձեռքբերումներով»:
Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել ԱԳՆ տոնածառի լույսերի վառման արարողություն: