Վերջին անգամ 2019 թվականին Սիմոնը, որ դարձավ աշխարհի չեմպիոն, ես էլի այնտեղ էի, հիմա դատելով այն բանից, որ հավաքականը իր լավագույն մարզավիճակում չէ, այստեղ մտավախություն կար, որ կարող է նաև ինչ-որ բան այնպես չգնալ: Օդանավակայանում լրագրողներին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
«Այս առաջնությանը թիմը կատարյալ պատրաստ չէր, ու դա էին վկայում զրոներն ու վնասվածքները: Հետո ընթացքն էլ ցույց տվեց, որ մրցակցությունը շատ ուժեղ է լինելու, հատկապես Իրաքի երիտասարդ ներկայացուցչի ռեկորդների տեղատարափը սկսեց մտավախություն առաջացնել, և հետո ԻԻՀ երկու հզոր տղաների մասնակցությունը»,- նշեց նա:
«Վարազդատը երկրորդ մոտեցման ժամանակ մի քիչ թպրտացրեց սրտերը, զարկերակի բաբախումն արագացավ, բայց հաջորդ մոտեցմամբ ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում: Պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք ծանրամարտի: Շնորհավորում եմ բոլորիս. լավ եզրափակում էր տարվա»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:
«Գալիս են աղջիկներ, ովքեր շատ լուրջ խոսք են ասելու: Ու Ալեքսանդրան էլ ակնհայտ առաջատարն է: Շատ լավ է, որ այս տարիքից արդեն իր խոսքն ասաց: Տա Աստված, որ վնասվածքներից զերծ լինի, առանց շտապելու, հետևողականորեն: Ի վերջո, կարևորը օլիմպիական խաղերն են, քառամյա ցիկլն ավարտվում է օլիմպիական խաղերով, և մենք հիմա պետք է դրան գնանք, և ոչ թե ժամանակից առաջ ընկնելով, 2-3 մեդալ փախցնելու տրամաբանությամբ անենք ինչ-որ քայլեր: Պետք է շատ հանգիստ, առանց շտապելու, առանց խուճապի մատնվելու գնալ առաջ ու հետո տոնել մեծ ու կարևոր հաղթանակ»,- ասաց Կարեն Գիլոյանը:
«Աննկարագրելի զգացողություն էր, երբ 2019-ից հետո մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունում, դա բոլորին ուրախացրեց, ոչ միայն ինձ, հուսով եմ` սա սկիզբը կլինի իմ հաջողությունների, ու կկարողանանք բարելավել մեր արդյունքները»,- նշեց բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ ընդամենը 19 տարեկանում: