Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում մայիսի 1-ից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։ Այն նպատակ ունի խթանելու թվային համակարգերի կիրառումը, ինչը ոչ միայն հեշտացնում է տուգանքների մասին ծանուցումը, այլև արդյունավետ դարձնում վճարումների ընթացքը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Խրախուսական այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը
roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդը կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը էլեկտրոնային փոստով՝ արդեն 20 տոկոս նվազ։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։
Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 76003 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 120 764 որոշում։
Բացի այդ, եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը, ապա օգտվում է հավելյալ 30 տոկոս զեղչից։
Բոնուսային այս նորմից օգտվել է 337 744 վարորդ, կայացվել է 907 936 որոշում, պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 5 միլիարդ դրամ։
Ի դեպ, միայն 2024 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 6-ը տեսալուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ որոշումներով պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 9 միլիարդ 993 միլիոն դրամ։ 2021 թվականին որոշումների հիման վրա պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 10 միլիարդ 715 միլիոն դրամ, 2022-ին՝ ավելի քան 10 միլիարդ 171 միլիոն դրամ, 2023-ին՝ ավելի քան 11 միլիարդ 577 միլիոն դրամ։