2025 թվականի հունվարի 2-ին լրանում է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության տասը տարին: Վերջին 5-6 տարիներին ՀՀ-ն գործել է արդյունավետ և, միջազգային գործընկերների գնահատմամբ, արձանագրվել է բավականին բարձր տնտեսական աճ:
Այս մասին ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:
Դեկտեմբերի 16-ին հանձնաժողովում տեղի է ունեցել «Տասը տարի Եվրասիական տնտեսական միությունում. արդյունքներ և հեռանկարներ» թեմայով քննարկում, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները:
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը նպաստել է նաև ՏՏ բարձր որակի ապահովմանը, ինչպես նաև միգրանտների ներհոսքին»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն աշխարհին կապող կարևորագույն օղակներից է:
Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի՝ նախորդ տասը տարիներին ԵԱՏՄ-ն կայացել է որպես հաջողված ինտեգրացիոն միավորում: 2024 թվականի տասն ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է տեղեկություններ ՌԴ-ում և Բելառուսում ռեզիդենտների մասնակցության վերաբերյալ:
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշել է, որ ֆինանսական միջնորդության ու ռեսուրսների հասանելիության տեսանկյունից «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել և վավերացվել է բոլոր երկրների կողմից:
Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ արտահանման, տնտեսության դիվերսիֆիկացիայի, Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների արտահանման դինամիկայի վերաբերյալ: