Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, իսկ տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները, ինչպես նաև կազմակերպել սեզոնային կանաչապատումն ու տարածքի բարեկարգումը: Երևանի նոր ՏԻՄ օրենքով էականորեն կխստացվեն չիրականացված պարտավորությունների համար նախատեսվող միջոցառումները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Այն ընկալումը, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքի բոլոր հատվածներում է պարտավոր իրականացնել բարեկարգում, ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Երևանի քաղաքապետարանն ունի իր լիազորությունների շրջանակը, տնտեսվարողները՝ իրենց, համատիրությունները՝ իրենց պարտականությունների շրջանակը»,- ընդգծել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: