Երևանի քաղաքապետարանից հայտնում են որ մայրաքաղաքում տեղադրված 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունն առցանց հասանելի է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմանների հետևանքով գրանցվում է օդի աղտոտվածության ցուցանիշների գերազանցում, ինչը պայմանավորված է տեղանքային պայմաններով, երբ սառը օդը կուտակվում է Արարատյան գոգավորության ցածրադիր մասերում, որն էլ այդ վայրերում հանգեցնում է մթնոլորտի աղտոտվածության մակարդակի մեծացման:
Զեկուցվել է նաև, որ ըստ չափումների Երևանում չունենք վտանգավոր գազերի, ազոտի, ծծմբի, ծանր մետաղների կամ կայուն օրգանական աղտոտիչների արտանետումների սահմանային ցուցանիշների գերազանցում, որոնք բնորոշ են խոշոր քաղաքներին:
Անդրադառնալով խնդրին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է երկամսյա ժամկետում մշակել քառամյա համապարփակ ծրագիր՝ բոլոր հնարավոր կետերով:
«Մեր նախընտրական ծրագրում խոստում էինք տվել, որ պետք է ամբողջ քաղաքում համապատասխան սարքեր տեղադրենք, որն արդեն իսկ տեղադրել ենք: Օդի աղտոտվածության այն հատվածը, որը մարդածին է, այդտեղ քաղաքապետարանն անելիք ունի: Պետք է մշակվի քառամյա ծրագիր, որը կներառի ընդհանուր կոնցեպտուալ առաջարկներ՝ օդի որակի բարելավման տեսակետից. ծառատունկ, անտառատունկ՝ թվային հստակ ցուցանիշներով, որոշակի սահմանափակումներ՝ Երևանում ժամկետանց ավտոմեքենաների շահագործման համար, որոնք մեծ աղտոտիչներ են, և մի շարք այլ ուղղություններ, որոնց առումով Երևանի քաղաքապետարանն ունի լիազորություն՝ գործուն քայլեր իրականացնելու համար»,- ընդգծել է քաղաքապետը: