Խոսում ենք հաջորդ տարի ևս 30 հեկտար տարածքի կանաչապատման, անտառապատման մասին, և զավեշտալին այն է, որ մեր ընդդիմախոսները մեզ պարբերաբար մեղադրում են կանաչ ֆոնդը վերացնելու համար: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 16-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ վերջին 2 տարում Երևանում տասնյակ հեկտարներով այգիներ ու անտառներ են տնկվել:
«Եթե համեմատենք վերջին երկու տարին վերջին մի քանի տասնամյակի հետ, վստահորեն կարող ենք պնդել՝ վերջին 2 տարում ավելի շատ ծառ է տնկվել Երևանում, ծառեր, որոնք 3 ամիս հետո չեն չորացել»,- ասաց նա՝ հավելելով, որ նաև ոռոգման համակարգ է անցկացվել։
Քաղաքապետը խնդրեց ներկայացնել այս մասով կատարված աշխատանքը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց՝ վերջին 2 տարիներին է, որ կանաչապատման ոլորտում փոփոխություններ են արձանագրվել:
«Մեր նորանկախ պատմության մեջ հիմնվել է քաղաքային 4 ուրբան անտառ. դա Եռաբլուրի անտառն է, որը կոչում ենք «Փառքի անտառ»՝ 15-ից ավելի հա տարածքի վրա, Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Մարզահամերգային համալիրի լանջին հարող 10 հա տարածքն է, նույնպես՝ ուրբան անտառ, ինչը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: Մնացած հատվածները չեն պատկանում Երևան քաղաքին, այլ գերատեսչության պահպանության ներքո են»,- ասաց նա:
Տիգրան Ավինյանն առաջարկեց՝ քաղաքապետարանն իր խնամքի տակ կարող է վերցնել ամայի տարածքները և կանաչապատել, բարեկարգել դրանք: Այս համատեքստում քաղաքապետը խոսեց նաև անտառների զավթման մասին՝ այն անվանելով «համայնքային գողություն»:
«Միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է։ Հողի զավթումը համայնքից գողություն է։ Անտառի զավթումը համայնքից գողություն է։ Եվ կարող է մենք տասնամյակներով հանդուրժել ենք սա։ Չգիտեմ՝ մշակութային... մեր արյան մեջ այդպիսի տարօրինակ բան կա, որ բոլորս համարում ենք, որ դա նորմալ է, ինքնակամ շինությունները նորմալ են, դրանք բոլորը բնական են։ Մենք այդպես սովորել ենք, որ դա սովորական բան է։ Պետք է մի քոլիկ դնել ու ասել՝ էս սարն իմն է։ Ու դա նորմալ է, բոլորս ընկալել ենք, որ դա նորմալ է, համապատասխան օրենքներ ենք ընդունել, համապատասխան օրենքներով կարգավորել ենք այդ ինքնակամների հարցը և հանդուրժում ենք։
Հիմա, կարծում եմ, այդ ժամանակաշրջանն անցել է, այդ օրենքի ժամկետն անցել է: Այո՛, կան ինքնակամներ, որոնք տրամաբանական են և օրենքին համապատասխան պետք է լուծումներ ստանան, բայց այս մշակութային դեֆեկտը պետք է այս կետից ավարտվի»,- ասաց քաղաքապետը։