«Երևանտրանս» ընկերությունում էական փոփոխություններ ունենք անելու, մասնավորապես՝ դիսպետչերական ավանդույթային հին կետերը ուղղակի պետք է վերանան, որովհետև այլևս չեն ծառայում իրենց նպատակին: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Եթե մեր ավտոբուսների վրա դրված է GPS համակարգ, ապա այդ համակարգի վրա պետք է հենվել, և պետք է ընդամենը մի սենյակում՝ մեկ կենտրոնում, հավաքված լինի ամբողջական ինֆորմացիան, համապատասխանաբար, այդ կենտրոնում հավաքագրվի տեղեկատվությունը և իրականացվի վերահսկողությունն այդ նույն կենտրոնից»,- ասաց քաղաքապետը:
Հաջորդ տարվա մյուս խնդիրը, որը պետք է լուծել, տրանսպորտի համակարգի կառավարման կենտրոնի ստեղծումն է: Սա, ըստ Ավինյանի, վերաբերում է ոչ միայն տրանսպորտին, սա վերաբերում է ամբողջական լուսացուցային նոր համակարգի ներդրմանը, տրանսպորտային ընդհանուր հոսքերի գրագետ, խելացի կառավարմանը:
«Սա է լինելու մեր հաջորդ տարվա ամենամեծ խնդիրը, որի արդյունքում մենք Երևան քաղաքում պետք է արձանագրենք ընդհանուր տրանսպորտային հոսքերի հետ կապված, խցանումների հետ կապված իրավիճակի էական բարելավում»,- ասաց նա:
Քաղաքապետը նաև հիշեցրեց՝ հունվարի 1-ից անցում է կատարվելու տոմսային նոր համակարգին, ուստի պետք է պատրաստ լինել տոմսային պրոդուկտների ծառայությունից օգտվելուն։