Հիմնական խնդիրը, որ բարձրաձայնվում է, մնում է ավտոբուսների հաճախականությունը, կան նաև գծեր, որոնք գերծանրաբեռնված են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգին:
«Ունենք թաղամասեր, որտեղ իրապես վատացել է իրավիճակը, մասնավորապես՝ Նորագավիթում: Կարծում եմ՝ մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ մենք սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը»,- ասաց քաղաքապետը:
Ըստ քաղաքապետի՝ նաև 171 նոր ավտոբուսների հետ կապված՝ կա փոխարինման խնդիր, մասնավոր ավտոբուսները, որոնք շարքից դուրս են եկել, դրանք ևս պետք է փոխարինվեն:
«Կան թաղամասեր, որտեղ խնդիրը սուր է կանգնած, և այդ թաղամասերի խնդիրը լուծելու համար մենք մի փոքր ավելի ջանք պետք է գործադրենք, նույնիսկ հաջորդ տարի էլի միջանկյալ լուծումներ պետք է գտնենք՝ մինչև 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների գնում»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին աշխատում են այն ուղղությամբ, որ Երևանում ավտոմեքենաների հոսքը նվազի, իսկ հանրային տրանսպորտից օգտվողների թիվն ավելանա։
«Դա նշանակում է, որ մենք պատշաճ մակարդակի ծառայություն պետք է մատուցենք: 171 նոր ավտոբուսները այդ հարցում, վստահորեն, մեզ օգնելու են, այս տարվա 15 նոր տրոլեյբուսները, վստահորեն, մեզ օգնելու են, մյուս տարվա 15 նոր տրոլեյբուսները, վստահորեն, մեզ օգնելու են, բայց դեռ ունենք կոնկրետ հարցեր, որոնք պետք է լուծումներ ստանան»,- ասաց նա՝ խնդրելով առաջարկներ ներկայացնել։