Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Կատարվում են մեծ ծավալի հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, պայթեցումներ, կառուցվում է ճանապարհի հողային պաստառը։ Իրականացվում են 360 մ երկարությամբ թունելի հորատման, Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման և այլ աշխատանքներ։
Շինարարության մեջ ներգրավված են մեծ թվով մեքենա-մեխանիզմներ, մարդկային ներուժ, այդ թվում՝ Մեղրու տարածաշրջանի բնակիչներ։
Ճանապարհը կառուցվում է ՀՀ Կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։